Blog

,

Armenia TV: ՀԱՅ ՆՈՐ ԽԵԼՔ Մեղրաշատում

2 min read
ՀԱՅ ՆՈՐ ԽԵԼՔ Մեղրաշատում. ԲԱՆԱՁԵՎ 01.11.2015
ՀԱՅ ՆՈՐ ԽԵԼՔ Մեղրաշատում. ԲԱՆԱՁԵՎ 01.11.2015
 
Շիրակի մարզ սահմանամերձ Մեղրաշատ գյուղի գագաթին Հրաչի տունն է` դիմաց դրված քարե ձկնիկով, որ հյուրերն ու հաճախորդները հեշտ գտնեն վարպետին: Եթե տանը չէ` արտադրամասում է: Հրաչ Թորոսյանը ծնվել ու ապրել է Մեղրաշատում: Դեռ դպրոցական տարիներին սկսեց նկարել: Քարեգործության առաջին պատվերն ուղղակի խնդրանք էր, հետո արդեն դարձավ պատվեր: Դպրոցից հետո սկսում է քարով փող վաստակել: Խորհրդային միության փլուզումից հետո, ինչպես շատերը, ընտանիքը պահում էր սեզոնային աշխատանքով` Ռուսաստանում:

2009-ին Հրաչը որոշում է՝ հոգնել է անընդհատ ուղևորություններից, պետք է մնա ընտանիքի հետ ու հենց իր հարազատ Մեղրաշատում էլ հիմնեց որոշեց սեփական բիզնեսը` քարի արտադրամասը: Այդ ժամանակ ուներ գաղափար, բայց չուներ բավարար միջոցներ: Որոշում է դիմել Հայաստանի Ամերիկյան համալսարանի Թրփանջյան Գյուղական Համայնքների Զարգացման Ծրագրին, որը հիմնել է Ամերիկահայ անվանի գործարար և բարերար Ջերալդ Թրփանջյանը: Ըստ բարերարի, հայերն ի ծնե գործարար և ձեռներեց են, որտեղ էլ իրենք ապրեն եւ ծրագրի նպատակն է բացահայտել գործարարի ոգին, սովորեցնել ոչ թե պետության օգնությունից կախյալ լինել, այլ անձնական հարստություն ստեղծել, սովորեցնել բիզնես անելու համաշխարհային օրենքներն ու ինչպես կիրառել այդ գիտելիքը Հայաստանում, Արցախում եւ Ջավախքում: Ծրագիրը ոչ միայն դրամաշնորհներ է տրամադրում փոքր բիզնեսներին, այլեւ ապահովում խորհրդատվություն եւ օգնում հաջողության հասնել: Մինչ այսօր ծրագրի շնորհիվ բացվել է 214 նոր բիզնես եւ ստեղծվել է 388 նոր աշխատատեղ: Թորոսյանն էլ գործի անցավ ու թողեց արտագնա ծրագրերը: Սեփական ուժերով ու հիմադրամի ֆինանսավորմամբ էլ ոտքի կանգնեց, ձեռք բերեց անհրաժեշտ տեխնիկան ու գործիքները:

 

Հենց այս սղոցն էլ ավելացրեց Թորոսյանի պատվերները, որովհետև կտրում է ցանկացած չափի ու ձևի քար: Գլխավոր տնօրեն ու միակ աշխատող Հրաչն այսօր հպարտությամբ վստահեցնում է, ավելի մեծ գործարաններն այդքան մեծ ծավալի գործ չեն անում, որքան իր փոքրիկ, 20 քմ տարածք զբաղեցնող արտադրամասը: Հումքը բերում է հանքից, քարի որակը բարձր է, գինը ճիշտ հակառակը, սա էլ եկամտաբերության և հաջողության գլխավոր պատճառն է: Թորոսյանը առաջարկում է նաև շիրմաքարերի նոր տեսակ, որի անվանումը հայտնի չէ. ծանոթ արվեստագետը հուշել է, որ ինտիգրիտ է: Մեղրաշատի ու հարակից գյուղերի համար խաչքարեր է քանդակում, անգամ Երևանից են գալիս՝ գնելու: Բարեգործությունն էլ Թորոսյանի սիրելի գործն է, աղքատ ընտանիքների համար հատուկ զեղչ կա: Թուրքիային սահմանակից համայնքը մեծ չէ, 60 տնտեսություն ունի, արտադրամասն էլ միակն է: Փոքր կազմով ապրող գյուղացին որոշել է գյուղամիջում արցախյան հերոսամարտին նվիրված կոթող կանգնեցնել: 2014-ից Հրաչ Թորոսյանը դժգոհ չէ. ակտիվ տարի էր, եկամտաբեր: Ձմեռը չի կարող արտադրամասն աշխատեցնել՝ եղանակային պայմանների պատճառով, ջուրը սառում է: Այդ ընթացքում կզբաղվի 2015-ի բիզնես պլանավորմամբ: Տարին կգա, օրն ու բարին էլ հետը: Թորոսյանը ծրագրերում նորից Թրփանջյան հիմնադրամին դիմելն է: Քարի հանքը գնի: Այդ դեպքում Մեղրաշատում զբաղվածությունը կավելանա մի քանի անգամ: