Տեղի ունեցավ ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի ու Հայկական բնապահպանական ցանցի կողմից իրականացվող «Հազարտերևուկ» նախագծի կայքի շնորհանդեսը

image001

Երևան, Հայաստան – «Հազարտերևուկ նախագիծ»-ը (http://1000leaf.aua.am) Հայկական բնապահպանական ցանցի (ՀԲՑ) և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի համատեղ ծրագիր է:  ՀԱՀ-ի՝ երկար սպասված և լայն արձագանք ստացած «Էկոտուրիզմը Հայաստանում» համաժողովի ընթացքում, 2016թ. ապրիլի 2-ին, տեղի ունեցավ կայքի շնորհանդեսը:

Նախագծի նպատակն է ստեղծել հայերի կողմից գործածվող բույսերի և սնկերի մասին մատչելի տեղեկատվություն` խրախուսելով Հայաստանի և աշխարհի տարբեր համայնքների բնակիչներին («քաղաքացի-գիտնականներ») հավաքել և կայքի միջոցով ներկայացնել բույսերի և սնկերի մասին տեղեկատվություն, պատմություններ, լուսանկարներ ու բաղադրատոմսեր: Կայքը տրամադրում է նաև տեղեկատվություն կայուն բերքահավաքի եղանակների մասին՝ նպատակ ունենալով կանխարգելել վնասակար գործելակերպերը: Բնական պաշարների պահպանման համար շատ կարևոր են բերքահավաքի պատասխանատու կերպերը:

«Հուսով ենք, որ Հայաստանի և աշխարհի հայերը կօգտագործեն այս կայքը՝ վայրի բույսերի և սնկերի օգտագործման ավանդական կիրառումները սովորելու և կայքում գրանցելու նպատակով: Ես սիրում եմ արշավներ կատարել Հայաստանում, տեսնել վայրի ուտելի բույսերի բազմազանությունը և լսել տեղի բնակչության պատմությունները բույսերի ավանդական կիրառումների մասին, ինչը մարզից մարզ կարող է տարբեր լինել»,- նշեց ՀԲՑ-ի գործադիր տնօրեն Սերդա Օզբենյանը: «Ոգևորված ենք, որ կա այդ տեղեկատվությունը մուտքագրելու և գրանցելու հնարավորություն, ինչպես նաև խրախուսելու քաղաքացի-գիտնականներին ունենալ իրենց ներդրումը մշակութային պահպանման այս աշխատանքներում»:

Ծրագիրը նաև նպատակ ունի նպաստել դեպի Հայաստան այցերի հետաքրքրության աճին, խրախուսել պատասխանատու էկոտուրիզմը՝ վեր հանելով երկրի հարուստ կենսաբազմազանությունը և առաջարկելով ազգային խոհարարական հետաքրքրիր ժառանգությունը:

«Կայքը հրաշալի միջոց է ցույց տալու մարդաստեղծ մշակույթի և վայրի բնության միջև կապը»,-ասաց ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը: «Այն կնպաստի ոչ միայն ինտերակտիվ, ընթերցողին ինտեգրող տեղեկատվության և Հայաստան այցելող զբոսաշրջիկների համար հետաքրքիր ժամանց ստեղծելուն, այլ նաև կներգրավի Հայաստանի համայնքները՝ գրանցելու իրենց տարածքում գտնվող վայրի բույսերը և դրանց կիրառության ձևերը այնտեղ ապրող ընտանիքների կողմից»,-հավելեց Ամիրխանյանը: Վերջինս նաև հույս հայտնեց, որ սա կօգնի համայնքների առօրյայում վայրի բնության դերի վերաբերյալ իրազեկվածության աստիճանը  բարձրացնելուն: «Դպրոցականները կարող են ներգրավվել՝ իրենց ծնողներից, տատիկներից կամ պապիկներից տեղեկություն և բաղադրատոմսեր հավաքելով՝ դարձնելով կայքը բնապահպանական կրթության կարևոր միջոց»,-նշեց Ամիրխանյանը:

ՀԲՑ-ն և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը կնախաձեռնեն վեբ կայքը առաջմղելու միջոցառումներ՝ նախ և առաջ գյուղական համայնքներից սկսելով: «Մեր ցանկություններից մեկն այն է, որ ուզում ենք կազմակերպել մրցույթ գյուղական համայնքների դպրոցների միջև՝ խրախուսելով կայքի օգտագործման ներգրավումը նրանց ուսումնական և արտադասարանային ծրագրերում», – ասաց ՀԱՀ Յակոբեան կենտրոնի բնապահպանական կրթության և երիտասարդական ծրագրերի համակարգող Մարինե Ասատրյանը:

Լրացուցիչ միջոցները, որոնք կձեռնարկվեն, ներառում են տարածում սոցցանցերում, խմբերում, որոնց լսարանը գյուղական համայնքներն են և ռադիո/հեռուստատեսային անդրադարձ:

Այցելեք «Հազարտերևուկ» կայքը և կատարեք Ձեր ներդրումը՝ http://1000leaf.aua.am:

ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը (ՀԱՀ ՅԿԲ) Հայաստանի ամերիկյան համալսարանի հետազոտական կենտրոն է: ՀԱՀ ՅԿԲ-ն հետազոտության, կրթության և համայնքի հետ կապերի միջոցով խրախուսում է բնական միջավայրի պահպանությունն ու վերականգնումը: ՀԱՀ ՅԿԲ-ի աշխատանքները ներառում են հետևյալ թեմաները` բնական ռեսուրսների կայուն կառավարում, կենսաբազմազանություն և պահպանում, կանաչ կառուցապատ շրջակա միջավայր, մաքուր էներգիա և էներգաարդյունավետություն, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաներ և շրջակա միջավայր:

Հայկական բնապահպանական ցանցի նպատակն է բարձրացնել Հայաստանում առկա բնապահպանական խնդիրների մասին տեղեկատվության տարածումը և մարդկանց ներգրավումը այդ խնդիրների լուծմանը Հայաստանում և Սփյուռքում ապրող հայերի, ինպես նաև պահպանությանբ զբաղվող ավելի լայնամասշտաբ համայնքի շրջանում՝ միևնույն ժամանակ խթանելով բնապահպանական կայուն զարգացումը Հայաստանում սփյուռքի հետ արդյունավետ համագործակցության և միջազգային ռեսուրսների միջոցով։

image003